Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Գավառ համայնքը գտնվում է Երևանից մոտ 100 կմ հեռավորության վրա: Համայնքը Գեղարքունիքի մարզի մարզկենտրոնն է: Բնակչության ընդհանուր թվաքանակը 26621 մարդ է: Կլիմայական պայմանների տեսակետից տարածքը բաժանվում է երկու` բարեխառն երկարատև տաք ամառներ և ցուրտ ձմեռներ ունեցող գոտիների, որոնք համապատասխանաբար բնորոշ են լեռնատափաստանային եւ լեռնամարգագետնային գոտիների: Կլիման ձմռանը ցրտաշունչ է , ամռանը` զով: Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 450 մմ է: Ունի բազալտի պաշարներ: Հարուստ է հանքային ջրերով: Մեծ գետը Գավառագետն է, շրջանի տարածքում է գտնվում Ակնա լիճը:

Քաղաքի տարածքը կազմում է 24 924 հա , որից 22 586 հա գյուղ. նշանակության հողեր են, այդ թվում 5099.3 հա վարելահող, որտեղ մշակվում է ցորեն, գարի, կարտոֆիլ, 3553 հա` խոտհարք, 11 915 հա` արոտավայրեր և 2019 հա` այլ հողեր: Բնակելի ֆոնդը կազմում է 946 հա, արդյունաբերական նշանակության հողերը՝ 2018 հա, գյուղատնտեսական ձեռնարկությունների տարածքներ՝ 112 հա, անտառներ՝ 55 հա, ջրային նշանակության հողեր` 89 հա: