Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Մարտունի համայնքը գտնվում է Երևանից մոտ 130 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 30 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչության թվաքանակը 14 000 մարդ է: Քաղաքը գտնվում է Գեղարքունիքի մարզի կենտրոնական հատվածում՝ Սևանա լճի հարավային ափին, ծովի մակարդակից 1900-2000 մետր բարձրության վրա: Հարավային կողմից շրջապատված է Վարդենիսի լեռներով: Սևանի ափին կառուցված 450 տեղանոց հանգստյան տունը, ափամերձ անտառային գոտին, ինչպես նաև քաղաքում եղած պատմամշակութային հուշարձանների, սրբավայրերի առկայությունը (ս. Աստվածածին եկեղեցի, գերեզմանոց խաչքարերով, ձիթհան, Վանք սրբատեղի, կիկլոպյան ամրոցի մնացորդներ, հնագույն բնակատեղի), գեղատեսիլ Սևանն ու չքնաղ լեռնաշխարհը հնարավորություն կարող են ընձեռել տուրիզմի հետագա զարգացման համար: Մարտունի քաղաքի վարչական տարածքով անցնում են Սելիմի և Երևան–Վարդենիս մայրուղիները, որոնք նախապայմաններ  են ստեղծում տուրիզմի և առևտրի զարգացման համար:

Քաղաքի տարածքը մոտ 3247 հա է, որից էներգետիկ, կապի, տրանսպորտի և կոմունալ բնակարանային ֆոնդը կազմում են 17.5 հա, վարելահող՝ 815 հա, խոտհարք՝ 123 հա, արոտավայր՝ 665 հա, այլ հողեր՝ 894, արդյունաբերության, ընդերքի օգտագործման և այլ արտադրական օբյեկտներ` 82 հա, հատուկ պահպանվող տարածքներ՝ 54 հա, հատուկ նշանակության տարածքներ` 1.5 հա, անտառային տարածքներ` 44 հա, ջրային տարածքներ` 22 հա, բնակավայրի հողեր` 529 հա, որից տնամերձ ՝ 368 հա: