Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Վաղաշենը   գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Սևանա լճի հարավ-արևմուտքում: Կազմավորվել է   Ալաշկերտի շրջանի Քոփկռան գյուղից գաղթած 15 հայ ընտանիքների կողմից` 96 շնչով:  01.01.2011 թ. դրությամբ համայնքում ընդհանուր տնտեսությունների քանակը կազմում է 1574, ազգաբնակչության թվաքանակը` 4313 մարդ, որից տղամարդիկ` 2185, կանայք` 2128:
Բնակավայրը ՀՀ տարածքում գրավում է կենտրոնական դիրք, գտնվում է ծովի մակարդակից 1930-2020 մ բարձրության վրա: 
Համայնքի վարչական տարածքը կազմում է 1244.93 հա, որից 802.4 հա կազմում է գյուղատնտեսական նշանակության հողեր, 291.32 հա` բնակավայրի հողեր, 15.82 հա` արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողեր, 5.33 հա` էներգետիկայի, տրանսպորտի, կապի հողեր, 26.75 հա` հատուկ պահպանվող տարածքներ, 89.58 հա` անտառային հողեր և 13.73 հա` ջրային հողեր: