Լոռու մարզի Ղուրսալի համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ղուրսալի համայնքի մակերեսը կազմում է 22.81 կմ2: Գյուղը գտնվում է ՀՀ հյուսիսարևմտյան մասում,  մարզկենտրոնից 17 կմ, Սպիտակ քաղաքից` 7 կմ հեռավորության և ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա: Այստեղով են անցնում Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհները և երկաթգիծը: Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները բարեխառն են, ձմռան տևողությունը 150 օր է, միջին ջերմաստիճանը ձմեռվա ամիսներին տատանվում է -22C-ից -25C:

Մինչև 1988թ. դեկտեմբեր ամիսը Ղուրսալի գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիների 480 ընտանիքներով, նրանց հեռանալուց հետո գյուղը վերաբնակեցվել է բռնագաղթած բնակիչներով` շուրջ 350 ընտանիքներով, որոնք բռնագաղթվել էին Ադրբեջանի տարբեր շրջաններից: Ներկայումս գյուղը բաղկացած է 250 ընտանիքներից, որից 105 ընտանիք՝ 305 անձ բռնագաղթվածներ են:

     Համայնքի վարչական տարածքը 2281,53 հա է, այդ թվում տնամերձի ֆոնդը` 110 հա, արտադրական նշանակության հողերը ` 36.62 հա, վարելահող` 237 հա, հանգստի գոտիները կամ հատուկ պահպանման տարածքներ` 23.29  հա, անտառներ` 676 հա, ջրային` 0.66 հա, արոտ` 839 հա: Մնացածը որպես խոտհարք` մոտ 360 հա:

    Գյուղում տարածված է արտագնա աշխատանքը: Ամեն տարի մինչև մեկ տարի ժամկետով մոտ 200 հոգի մեկնում է արտագնա աշխատանքի (հիմնականում ՌԴ-ի Կալինինգրադի մարզ) հիմնական աշխատանքը շինարարական գծով է: