Շիրակի մարզի Գյումրի համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Գյումրի համայնքը գտնվում է Երևանից մոտ 126 կմ հեռավորության վրա: Համայնքի մակերեսը 45.2 քկմ է, բնակիչների թիվը` 146122: Բնակչության թվաքանակով Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է: Հանդիսանում է Շիրակի մարզի մարզկենտրոնը: Համայնքը հայտնի է նաև հարուստ մշակութային կյանքով: Համայնքը գտնվում է Հայաստանի հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական հատվածում: Ռելիեֆը հարթավայրային է, ծածկված լճագետային և հրաբխային շուրջ 350 մ. հզորության նստվածքներով: Բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճում են ակացիան, թխկենին, հացենին և այլ ծառատեսակներ: Քաղաքը տարեկան ստանում է մոտ 2500 ժամ արեգակնային լույս և ջերմություն: Մեծ է հորդաբուխ աղբյուրների քանակը, որոնք միասին մեկ վայրկյանում տալիս են 1200 լիտր ջուր: Քաղաքի մոտով հոսում է հանրապետության ջրաշատ գետերից մեկը՝ Ախուրյանը։ Շրջակայքը հարուստ է շինանյութերով, տուֆով, բազալտով, կավով, ինչպես նաև սևահողային դաշտերով։ Ընդհանուր առմամբ այստեղ կլիման ցամաքային է: Ձմռանը երբեմն ուժեղ սառնամանիքներ են լինում: Օդի նվազագույն ջերմաստիճանը զրոյից իջնում է մինչև 41°: Ամռանը համեմատաբար շոգ է, սնդիկի սյունը հասնում է մինչև 36°-ի, տարեկան տեղումները միջին հաշվով կազմում են 500 մմ, գտնվում է 8-9 բալային սեյսմիկ գոտում։