Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Մակերես`8.2կմ2 , բնակչությունը`1403:

Գտնվում է Գյումրիի տարածաշրջանում` Գյումրի քաղաքից  10 կմ հեռավորության վրա: Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թ-ին ի հիշատակ 10-11-րդ դդ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու: Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա հովտում` ծովի մակարդակից 1650 մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 450-500 մմ է: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Ունի պեմզայի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: Գյուղի շրջակայքում պահպանվել է Մարմաշենի վանքը, Վահրամաշեն ավերակ բերդը, Ախուրյան գետի վրա 13-րդ դարում կառուցված կամրջի մնացորդները:  Մինչ Սպիտակի երկրաշարժի հետևանքով շաքարի գործարանի փլուզումը, համեմատաբար մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց: