Տավուշի մարզի Դիլիջան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Դիլիջան համայնքը գտնվում է Երևանից մոտ 99 կմ, իսկ մարզկենտրոնից 34 կմ հեռավորության վրա: Բնակչության թիվը՝ 15700 մարդ, իսկ ընտանիքների թիվը՝ 4485:   Համայնքի վարչական տարածքը 994 հա է: Քաղաքը գտնվում է Աղստև գետի ափին, Հալաբի և Փանբակի լեռնաշղթաների միջլեռնային հովտում` ծովի մակարդակից 1300-1330մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ցուրտ ձյունառատ ձմեռներով և տաք, համեմատաբար խոնավ ամառներով: Հաճախակի են լինում մառախուղները: Հունվարյան միջին ջերմաստիճանը -2 է, հուլիսյանը` 18-20: Տարեկան տեղումները կազմում են 600-650մմ:  Քաղաքի միջով հոսում է Աղստևը՝ Դիլիջան և Բլդան վտակներով: Բնական լանդշաֆտները անտառներն են: Դիլիջանի մոտակայքում տարածվող անտառահատվածում ստեղծվել է Հայաստանի արգելանոցներից մեկը` Դիլիջանի ազգային պարկը: Ունի հանքային բուժիչ ջուր, որը ջրառատ աղբյուրների ձևով բխում է Բլդան գետի ձորում: Իր քիմիական բաղադրությամբ նման է ՛՛Բորժոմի՛՛ և ֆրանսիական ՛՛Վիշիի՛՛ հանքային ջրերին: Քաղաքի շրջակայքում են գտնվում Պարզ լիճը, Ջուխտակ վանքը, մոտ 15կմ հեռավորության վրա Հաղարծին  վանքային համալիրը: 

Դիլիջանը հանդիսանում է առողջարանային քաղաք և ունի մի շարք առողջարան-հանգստավայրեր: Դրանցից ամենախոշորը ՛՛Լեռնային Հայաստան՛՛ առողջարանն է, որը կառուցվել է 1970-ական թվականներին: Դիլիջանում է գտնվում կոմպոզիտորների միության, կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տները: